Կոնյունկտիվիտը կամ շաղկապենաբորբն աչքի սպիտակուցաթաղանթի և կոպի ներքին մակերևույթի բորբոքումն է, որն ուղեկցվում է ցավով, այրոցով, տեսողության մթագնումով ու աչքերի կարմրածությամբ: Հիվանդությունը կարող է կրել վիրուսային, բակտերիալ, ալերգիկ, քիմիական բնույթ, ուստի բուժումը սովորաբար կախված է լինում ախտահարման տեսակից:
Շաղկապենաբորբի բուժման համար անհրաժեշտության դեպքում նշանակվում են հատուկ դեղամիջոցներ, սակայն այս խնդրից կարելի է ազատվել նաև շատ արդյունավետ բնական միջոցների օգնությամբ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի պարզ ու հասանելի միջոց, որոնք կօգնեն բուժել կոնյունկտիվիտն առանց դեղորայքի:
Բնական մեղր
Մեղրը հակաբորբոքային ու հակասեպտիկ ազդեցությամբ օժտված շատ արդյունավետ միջոց է կոնյունկտիվիտի բուժման համար: Մեղրի կիրառությունը կօգնի մեղմել քորն ու ցավը, ինչպես նաև կազատի չորությունից: Հարկավոր է մեղրը լուծել եռացած գոլ ջրի մեջ (1:1 հարաբերակցությամբ) և ստացված լուծույթից մի քանի կաթիլ կաթեցնել աչքերի մեջ:
Կիտրոնի հյութ
Հակաբիոտիկային ու հակաբորբոքային ազդեցությամբ օժտված այս հյութը կօգնի հեշտությամբ մեղմել հիվանդության ախտանշանները: Այն հարուստ է վիտամին C-ով և օգնում է ամրապնդել իմունային համակարգը: Գրգռվածությունից խուսափելու համար կիտրոնի հյութը հարկավոր է խառնել ջրին, այնուհետև ստացված լուծույթը կաթեցնել կոպին:
Տաք կոմպրես
Բորբոքման մակարդակը նվազեցնելու շատ արդյունավետ միջոց կարող է լինել նաև տաք կոմպրեսը: Հարկավոր է մաքուր կտորը կամ բամբակյա սկավառակը թրջել տաք ջրով, դնել կոպին ու թողնել մի քանի րոպե: Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել 3-4 անգամ:
Ռազինայի (Фенхель) սերմեր
Այս բույսի սերմերը նույնպես շատ արդյունավետ են ու օգնում են ազատվել շաղկապենաբորբի ախտանշաններից: Հարկավոր է սերմերին ավելացնել ջուր, դնել կրակին ու եռացնել, այնուհետև թողնել եփուկը սառչի: Ստացված եփուկը քամել, այնուհետև օգտագործել հեղուկն ախտահարված աչքը լվանալու համար: Այս պրոցեդուրան օրական 3-4 անգամ կրկնելու դեպքում կարելի է զգալիորեն մեղմել հիվանդության ախտանշանները:
Հալվե վերա
Այս բույսն օժտված է հանգստացնող ու հակաբորբոքային ազդեցությամբ և հիանալ բնական խոնավեցնող միջոց է, որն ազատում է հյուսվածքների չորությունից: Սա է պատճառը, որ այն կիրառվում է տարատեսակ դիմակների ու քուքների բաղադրության մեջ, ինչպես նաև կոսմետիկ պրոցեդուրաների ժամանակ:
Հալվեն շատ օգտակար է ալերգիկ կոնյունկտիվիտի դեպքում: Պարզապես հարկավոր է բամբակյա սկավառակն ընկղմել հալվե վերայի տերևի մեջ պարունակվող գելի մեջ ու դնել ախտահարված աչքին: Բացի այդ, այս բույսի հյութը կարելի է կիրառել նաև լվացումների համար: Պարզապես հարկավոր է լուծել այն եռացրած գոլ ջրում, այնուհետև ստացված լուծույթով լվանալ ախտահարված աչքը: