Երջանկությունն առանց տխրության չի լինում, կյանքը` առանց մահի, հաջողությունը` առանց անհաջողության ու անկումների: Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել: Նույնը վերաբերում է նաև մարդկանց. կենդանակերպի նշանների ներկայացուցիչներն ունեն թե դրական, թե բացասական կողմեր: Cluber.com.ua-ն ներկայացրել է մարդկանց բնավորության մութ և վառ կողմերը:
Խոյ: Խոյերն առանձնանում են ապրելու անհագ ցանկությամբ: Նրանք լի են էներգիայով, ամբիցիոզ են, նպատակասլաց ու կրքոտ: Խոյերը կարծես լույսով են լցնում վայրը, ուր գտնվում են: Նրանք ինքնավստահ են, խիզախ, վճռական, պատրաստ պաշտպանել իրենց, չեն վախենում դժվարություններից:
Մյուս կողմից՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն արագ են նյարդայնանում, հաճախ տրամադրության անկումներ ունենում և ագրեսիվանում: Եթե որևէ բան չի ընթանում Խոյերի պլանների համաձայն, նրանք զայրանում են: Բնավորության մութ կողմերը վերահսկելու դեպքում խոյերը կարող են ի նպաստ իրենց՝ օգտագործել ներքին կրակը:
Ցուլ: Ցուլերը շատ են աշխատում կայունության հասնելու համար` սկսած աշխատանքից՝ մինչև անձնական հարաբերություններ: Նրանք նվիրված են զուգընկերոջը, սիրում են լավագույնը և դրան հասնելու համար պատրաստ են օր ու գիշեր աշխատել: Ցուլերը հավատարիմ են, հուսալի, պարզ:
Միևնույն ժամանակ՝ Ցուլերը հաճախ կամակոր, դաժան և անզիջում են լինում: Նրանք սեփականատեր են:
Երկվորյակներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հրաշալի օրինակ են, թե որքան երկակի կարող է լինել մարդու բնավորությունը: Միևնույն մարմնում ապրում են իրար հակադիր երկու մարդիկ: Մի կողմից՝ Երկվորյակներն ընկերասեր են, սիրում են շփվել, երբեք չեն տրտնջում: Նրանք որևէ բանի թույլ չեն տալիս հուսահատության մատնել իրեն, շատ ընկերներ ունեն, սիրում են արկածներ:
Մյուս կողմից՝ Երկվորյակները հաճախ են կորցնում հանգստությունը և հակված են իմպուլսիվ որոշումների կայացման: Նրանք ցույց են տալիս բնավորության մութ կողմերը, երբ սթրես կամ դեպրեսիա են ապրում: Երկվորյակները հաճախ են անհանգստության զգացում ունենում միմյանցից այդքան տարբեր անձանց ներքին կոնֆլիկտի պատճառով:
Խեցգետին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները բազմաթիվ դրական հատկություններ ունեն` չնայած հաճախ են մոռանում այդ մասին՝ ցածր ինքնագնահատականի պատճառով: Նրանք հոգատար են, հավատարիմ, նվիրված, խորը: Խեցգետինները կարողանում են լսել և չեն մերժի օգնել նույնիսկ նրանց, ում կարճ ժամանակ են ճանաչում: Խեցգետինների համար դժվար է անկեղծանալ մարդկանց առաջ, բայց եթե խնդիրներ ունենաք, նրանք կթողնեն բոլոր գործերը` ձեզ լսելու և օգնելու համար: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները նաև ստեղծագործ են, բարի, զգացմունքային, ինչը շատերն են ի շահ իրենց օգտագործում:
Մյուս կողմից՝ Խեցգետինները պայքար են մղում ներքին «սատանաների» դեմ, ինչի մասին քչերը գիտեն: Նրանք ամեն բան սրտին մոտ են ընդունում, այդ պատճառով էլ հակված են դեպրեսիայի, անհանգստության, հոգեբանական այլ խնդիրների: Խեցգետինները հաճախ են զգացում ունենում, թե իրենց ոչ ոք չի հասկանում, ինչը հանգեցնում է ինքնամեկուսացման և ինքնախարազանման: Մարդիկ հաճախ համարում են, որ Խեցգետինը կլանված է ինքն իրենով, ինչը մասնակիորեն համապատասխանում է իրականությանը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ են մտածմունքների մեջ ընկնում, չափազանց պահանջկոտ են իրենց հանդեպ, բայց մեծամիտ չեն:
Առյուծ: Առյուծները լիդեր են, սիրում են ամեն ինչում առաջինը լինել: Նրանք նաև ամբիցիոզ են, ուրախ, ինքնավստահ:
Միևնույն ժամանակ՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ են կենտրոնանում միայն իրենց վրա, սնափառ են, չափազանց դրամատիկ: Չնայած նրանք ընկերասեր են` կարող են նաև մակերեսային ու թեթևամիտ լինել:
Կույս: Կույսերն ուշադրություն են դարձնում նույնիսկ ամենափոքր դետալներին և կարող են ժամերով մտածել` ճիշտ որոշում գտնելու համար: Նրանք կազմակերպված են, տրամաբանական մտածողություն ունեն, երկաթյա համբերություն: Կարող են լուծել ցանկացած խնդիր, կարողանում են լսել:
Սակայն Կյույսերն ամեն ինչ չափազանց լուրջ են ընդունում, ինչը հաճախ բարդացնում է նրանց կյանքը: Կույսերը միշտ պետք է ծրագիր ունենան, որպեսզի կայունություն զգան: Ավելին, նրանք կարող են դաժան, սառը և անտարբեր թվալ, քանի որ հաճախ են ինքնամփոփ դառնում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հակված են քննադատել՝ ինչպես իրենց, այնպես էլ՝ մյուսներին:
Կշեռք: Կշեռքները խաղաղասեր են, մարդկանց նկատմամբ հարգալից և բարի վերաբերմունք են դրսևորում: Սիրում են օգնել մարդկանց, աշխատում են ցանկացած գնով կյանքում հավասարակշռություն պահպանել:
Սակայն կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների պահվածքը հաճախ պրակտիկ չէ, քանի որ նրանք խաղաղասեր են և միշտ փորձում են խուսափել կոնֆլիկտներից: Սա, իհարկե, դրական հատկություն է, սակայն կյանքում իրավիճակներ են լինում, երբ հարկավոր է դիմակայել մարդկանց և պաշտպանել ինքդ քեզ: Կշեռքները երբեմն վճռական չեն լինում, դառնում են ինքնամփոփ, ինչի հետևանքով նրանց ճանաչելը կարող է անհնար թվալ:
Կարիճ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սրամիտ են, նրանց բնորոշ է սարկազմը: Կարիճները նաև շատ զգացմունքային են, հաճախ թաքցնում են իրենց զգացմունքները, որպեսզի մարդիկ չկարողանան օգտվել դրանից: Կրքոտ են, կազմակերպված, անկախ և հավատարիմ:
Մյուս կողմից՝ Կարիճները կարող են հիշաչար, վրեժխնդիր լինել, սիրում են մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց: Տանել չեն կարողանում, երբ դավաճանում են իրենց, և զայրանալու, բղավելու փոխարեն՝ հանգիստ վրեժի ծրագիր են մշակում: Զգույշ եղեք, մի կտրեք Կարիճների ճանապարհը, քանի որ դա կարող է ձեր դեմ շրջվել:
Աղեղնավոր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իրենց են ձգում մարդկանց: Լավատես են, սիրում են արկածներ:
Սակայն Աղեղնավորների համար դժվար է կենտրոնանալ մի բանի վրա, նրանք մի գործից անցնում են մյուսին` առանց հստակ ծրագրի: Առանձնանում են բռնկուն բնավորությամբ, հեշտ են նյարդայանում: Աղեղնավորներն արագ ձանձրանում են, երբ հստակ նպատակ չունեն: Նրանք կարող են դժվարանալ վերահսկել իրենց, հատկապես, երբ անհանգստացած են: Այդ պատճառով էլ հնարավոր չէ կանխատեսել` ինչ սպասել Աղեղնավորներից:
Այծեղջյուր: Կենդանակերպի նշանների շարքում ամենաաշխատասերն են: Նրանց շարժիչ ուժը հարստությունն ու հաջողությունն են, և Այծեղջյուրները ցանկանում են կյանքում լավագույնի հասնել: Նրանք նպատակասլաց են, իմաստուն, պրակտիկ, կազմակերպված, լավ լիդեր են, քանի որ կարողանում են տեսնել ընդհանուր պատկերը և միշտ իրականացնում են խոստումները: Աշխատանքը մեծ տեղ ունի Այծեղջյուրների կյանքում:
Միևնույն ժամանակ՝ Այծեղջյուրները շատ կամակոր են, սնափառ, անզիջում: Նրանց համար դժվար է լսել մարդկանց: Բարդ բնավորություն ունեն, ինչը հաճախ նյարդայնացնում է:
Ջրհոս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են ճանապարհորդել, ծանոթանալ այլ մշակույթների և նոր մարդկանց հետ: Նրանք կարող են ժամերով խոսել, քանի որ հետաքրքրությունների լայն շրջանակ ունեն, սիրում են միշտ որևէ նոր բան փորձել: Ջրհոսներն առանձնանում են սրամտությամբ, լավ լիդեր են դառնում:
Միևնույն ժամանակ՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են փակ, փոփոխական և ոչ զգացմունքային թվալ: Նրանք պրակտիկ են, բայց եթե չկարողանան ղեկավարել զգացմունքները, կարող են հարաբերություններում խնդիրներ ունենալ:
Ձկներ: Ձկները զգացմունքային են, դյուրազգաց, հոգատար, ստեղծագործ: Այս հատկությունների շնորհիվ նրանք հրաշալի ընկերներ են դառնում: Նրանք հավատարիմ են, սիրող, մտերիմների համար շատ բանի են պատրաստ:
Ամեն դեպքում կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներ դժվարությամբ են համակերպվում իրականության հետ, այդ պատճառով էլ կարող են խուսափել դրանից: Ձկները սիրում են միայնակ մնալ, նրանց ժամանակ է հարկավոր: