Ավելորդ քաշից ազատվելու համար մասնագետները հորդորում են վերանայել սննդակարգն ու կենսակերպը, սակայն անգամ այդ դեպքում չի հաջողվի հասնել ցանկալի արդյունքին, եթե նյութափոխանակության գործընթացները բավական արագ չլինեն:
Սննդաբանները ներկայացրել են սննդամթերքի այն տեսակները, որոնք կօգնեն խթանել նյութափոխանակությունն ու դրանով իսկ կնպաստեն քաշի նվազմանը: Նման մթերքի շարքին առաջին հերթին դասվում է կանաչ թեյը, որն ավելացնում է օրգանիզմի կողմից սպառվող էներգիայի քանակությունը մոտ 5%-ով՝ օգնելով պայքարել ավելորդ քաշի դեմ:
Շատ օգտակար կարող է լինել նաև խաշած հավկիթը, որը ոչ միայն խթանում է նյութափոխանակությունը, այլև օգտակար սպիտակուցների հարուստ աղբյուր է հանդիսանում: Մեկ հավկիթը պարունակում է մոտ 6,29 գրամ սպիտակուց, ուստի այս մթերքը հիանալի հավելում կարող է դառնալ սննդակարգին:
Առհասարակ սպիտակուցներով հարուստ մթերքը շատ կարևոր է նիհարել ցանկացողների համար, քանի որ ուժեղացնում է սննդի ջերմային էֆեկտը, ինչը նշանակում է, որ օրգանիզմն ավելի շատ էներգիա է վատնում սննդի յուրացման համար:
Բացի այդ, նյութափոխանակությունը խթանող սննդամթերքի շարքին են դասվում նաև կոճապղպեղը, ոսպը, չիլի պղպեղը, կտավատի սերմերը, սուրճը, բրազիլական ընկույզները, բրոկոլին և մուգ կանաչ տերևավոր բանջարեղենը, ուստի ավելորդ քաշից ազատվելու համար դրանք հարկավոր է անպայման ներառել սննդակարգում: