Էլ երբեք ձայնս չեք լսելու. Ի՞նչ է ասել Հրազդան գետից մահացած դուրս բերված 26-ամյա երիտասարդը քրոջը

0
551


Փետրվարի 23-ին Հրազդան գետից մահացած դուրս բերված 26-ամյա Վարդան Մնացականյանի դիահերձման նախնական տվյալներով հայտնաբերվել են գլխի, աչքի շրջանում փակ, բութ վնասվածքներ եւ կողոսկրերի կոտրվածքներ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Մնացականյանի քույրը` Մերի Մնացականյանը` նշելով, որ այդ վնասվածքների առկայությունը իրենք կարող են ապացուցել նկարներով:

Նշենք, որ Վարդան Մնացականյանի ընտանիքը չի հավատում ինքնասպանության վարկածին եւ պնդում է, որ նրան սպանել են:

«Մահվան վկայականի մեջ էլ է այդ բոլոր վնասվածքները գրված, մենք բոլոր նկարները տեսել ենք, ունենք, ուղղակի չենք կարող հիմա հրապարակել: Վարդանը ինքնասպան չի եղել, նրան սպանել են: Այսքան ժամանակ մոստերի վրա տեսնում ենք, որ ոստիկանները ամեն րոպե հսկում են, էդ ո՞նց գնաց, իրեն գցեց, որ միանգամից գետը ընկավ ու ոչ մեկ չտեսավ: Ինքը երեւի վաղուց է մահացած եղել ու բերել, գցել են ջուրը, հետքերը վերացնելու համար»,- ասաց Մերի Մնացականյանը` նշելով, որ 25 օր շարունակ իրենք եւ ոստիկանները խմբերով բոլոր կամուրջների տակ փնտրել են Վարդանին եւ ոչ մի բան չեն գտել:

Մերի Մնացականյանը պատմեց, որ վերջին անգամ հունվարի 30-ի երեկոյան է եղբայրը իրեն զանգել եւ հայտնել, որ իրեն այլեւս չեն տեսնի. «Ինքը զանգեց, ընդամենը ասեց բարձրախոսը միացրու, բան եմ ասում, միացրեցի` ինքը ասեց` էլ երբեք ձայնս չեք լսելու, ու էլ ես չհասցրեցի իրեն ոչ մի բան ասել»:

Մերին պատմեց, որ եղբայրը փակ մարդ է եղել, բայց երբեք չեն իմացել, որ ինքը խնդիրներ է ունեցել, պարտքեր եւս եղբայրը երբեք չի ունեցել:

«Իբր թե նամակ են գտել, որ ընկերուհուն է գրել, դա էլ է սուտ, հորինված, ինքը ընկերուհի չի ունեցել, աղջիկների հետ շփվել է, բայց լուրջ նպատակներով մեկը չի ունեցել: Ես չեմ հասկանում, թե ինչու են նման բաներ հրապարակում եւ ինչու են հայտարարում, թե պարտքեր է ունեցել: Մենք հայտարարում ենք, որ Վարդանը պարտքեր չի ունեցել, թե նման լուրերը ում կողմից են տարածվում եւ ինչ նպատակով` չենք հասկանում»,-ասաց Վարդանի քույրը:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ փետրվարի 23-ին Հրազդան գետից մահացած դուրս է բերվել 26-ամյա Վարդան Մնացականյանը, ով ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հունվարի 30-ից որոնվում էր որպես անհետ կորած:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է քննություն։

Նշենք, որ Վարդան Մնացականյանը աշխատում էր «Ռոսիա» առեւտրի կենտրոնում՝ որպես անվտանգության աշխատակից։

Հրազդան գետից մահացած դուրս բերված 26-ամյա երիտասարդի ընտանիքը չի հավատում ինքնասպանության վարկածին:

Աղբյուր՝ news.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here