«Երազիս միշտ քրոջս հարցնում եմ՝ ո՞վ սպանեց ձեզ, ասում է՝ չե՞ս տեսնում կենդանի ենք»․ Ավետիսյանների հարազատներ

0
1537


Գյումրիում 3 տարի առաջ այս օրը սպանված Ավետիսյանների հարազատներից Ռիտա Պետրոսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ քրոջը՝ Հասմիկ Ավետիսյանին հաճախակի է տեսնում երազում։ «Միշտ երազիս գալիս է, գեղեցկացած՝ ֆորմի մեջ, հենց ուզում եմ հարցնեմ՝ բայց ո՞վ սպանեց, ո՞վ էր այդ հանցագործը, ի՞նչ էր ուզում, թույլ չի տալիս շարունակեմ, միանգամից ասում է՝ չե՞ս տեսնում՝ մենք կենդանի ենք, մեռած չենք»։

Հասմիկ Ավետիսյանի մյուս քույրն էլ՝ Ջուլիետա Ջալալյանն էլ պատմում է․ «Արդեն որերորդ անգամն է՝ երազիս գալիս են 8 հոգով, երկու երեխաների՝ Հասմիկիս ու Սերյոժայիս կողքին մի նորածին էլ կա, քանի անգամ հարցրել եմ՝ այս երկու փոքրիկներին ճանաչում եմ, բայց, քուր ջան, էս երրորդ երեխան ո՞վ է, ես չեմ տեսել, ասում է՝ մեր նորածինն է։ Իրականում մեր հարսը հղի էր երրորդ երեխայով, որ այդպես էլ չուզեցին բարձրաձայնել․․․»։

 

Ավետիսյանների հարազատները վրդովված են, որ մեր իրավապահներն այդպես էլ չբացահայտեցին ո՛չ մարդասպանին, ո՛չ էլ սպանության դրդապատճառները։ «Լավ, գոնե իմանաք ո՞վ էր և ինչի՞ համար․․․Այս տանը լիքը ժողովուրդ էին հավաքվել, էլ հետք կմնա՞ր, որ ասում են, թե մենակ Պերմյակովի ոտնահետքերն են, բայց էդքան մարդը մտել էր սյուների մեջ, որտեղի՞ց գտան միայն Պերմյակովի ոտնահետքերը։ Պատերը մրոտեցին՝ իբրև թե հետք վերցրեցին, ծիծաղելի են բոլորը․․․

Հիմա էլ կարծես այս ընտանիքը ծնված լիներ մահանալու համար․ ո՛չ կային, ո՛չ ծնվել էին, ո՛չ էլ մի հատ հուշաղբյուր, հուշաքար, որ նաև անմեղ փոքրիկներ են սպանվել։ Մեծերինը մի կերպ տանելի է բայց էս անմեղ փոքրիկներն ինչքան գարուններ պիտի դիմավորեին, ինչքան ձմեռ պապիկների պիտի նամակ գրեին»,- մղկտում է սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ջուլիետա Ջալալյանը։

Ամբողջությամբ՝ aravot.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here