3 տարի առաջ այս օրը Գյումրիում դաժանաբար սպանվեց Ավետիսյանների ընտանիքը (լուսանկարներ)

0
449


Հունվարի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Գյումրիում հարևանուհու դուստրը Ավետիսյանների դուռը բաց է գտել, պատուհանները՝ ջարդված։ Մտել, տեսել է, որ գնդակահարված են ընտանիքի 6 անդամները, իսկ վեց ամսական երեխան՝ վիրավորված, որին տարել են հիվանդանոց։ Հարևանուհին 6։20 պայթյուն կամ կրակոց է լսել, մտածել է՝ թեթև երկրաշարժ է, երեխայի լաց է լսել։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5.45 մմ տրամաչափի պարկուճներ, 1 պահունակ՝ փամփուշտներով, զինվորական կոշիկներ, որոնց վրա գրված է եղել Պերմյակով ազգանունը։ Հանցագործությունը կատարվել է վաղ առավոտյան, երբ բոլորը անկողնում են եղել։ Շարժառիթները պարզ չեն, տեսանելի վայրում դրված ոսկեղենը մնացել է։

Պարզվել է ենթադրյալ հանցագործի ինքնությունը. նա Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն է։ Նա, վերցնելով իրեն ամրագրված զենքը՝ ԱԿ-74 ինքնաձիգը, փախել է պահակակետից։ Ռուսական կողմի որոնումները արդյունք չեն տվել։ Հանցագործությունից հետո դեպքի վայրում նա թողել է զենքը և մեկ պահունակ։

Պերմյակովը հանցանքի վայրում զգեստափոխվել է, հանել զինվորական համազգեստը, հագել քաղաքացիական հագուստ և հեռացել։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 21 կրակված պարկուճ, 1 ինքնաձիգ ԱԿ-74 մակնիշի, սվին-դանակ և 1 ամբողջությամբ լիցքավորված՝ շուրջ 30 փամփուշտով փամփշտակալ և մեկ փամփշտակալ, որի մեջ մնացել է միայն 1 փամփուշտ։

Ավելի ուշ քաղաքացիները հայտնել են, որ Պերմյակովին տեսել են Ալեք Մանուկյան կամրջի տակ գտնվող սեփական տներից մեկի տանիքին։

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը հայտնել է, որ հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը Բայանդուր գյուղի մոտակայքում ռուս սահմանապահների կողմից հայտնաբերվել է Վալերի Պավելի Պերմյակովը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա փորձել է հատել հայ-թուրքական սահմանը։

Քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Սոնա Տռուզյանը հունվարի 13-ին հայտնել է, որ Պերմյակովն ընդունել է մեղքը, հայտնել, որ Գյումրիում տեղի ունեցած արարքն ինքն է կատարել։ Տռուզյանը հայտնել է, որ Պերմյակովին հայտնաբերել են ռուս սահմանապահները թուրքական սահման անցնելու փորձ կատարելիս, որից հետո տեղափոխվել է ռուսական զորամաս, որտեղ նրան հարցաքննել են Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նեկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը, ում մասնակցությամբ է տեղի ունեցել Պեմյակովի հարցաքննությունը։

Հունվարի 14-ին Գյումրիում և Երևանում տեղի ունեցան զանգվածային բողոքի ցույցեր, որոնց հիմնական պահանջն է եղել սպանության մեջ մեղադրվող Պերմյակովին Ռուսաստանին չհանձնելը։

Տեղում սպանվել էին՝

  • Սերյոժա Կարապետի Ավետիսյանը (1961 թ․ ծնված, ընտանիքի հայրը),
  • Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանը (1959 թ․ ծնված, ընտանիքի մայրը),
  • Արմեն Սերյոժայի Ավետիսյանը (1981 թ․ ծնված, նրանց որդին),
  • Արաքս Անդրանիկի Ավետիսյանը (1990 թ․ ծնված, ընտանիքի հարսը),
  • Աիդա Սերյոժայի Ավետիսյանը (1979 թ․ ծնված, դուստրը),
  • Հասմիկ Արմենի Ավետիսյանը (2012 թ․ ծնված, 2 տարեկան երեխա)։

Ընտանիքի յոթերորդ անդամը՝ վեց ամսական Սերյոժա Արմենի Ավետիսյանը, տեղափոխվել էր հիվանդանոց, ծանր առողջական վիճակում, ենթարկվել վիրահատության։ Սերյոժա Ավետիսյանը հունվարի 19-ին մահացավ հիվանդանոցում (ժամը 17։02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ):

Աղբյուր՝ Shabat.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here