Հյուսիսային պողոտայում պայթյունից տուժածներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է. գրեթե բոլորն անչափահասներ են (թարմացվող)

0
291


22:52

Պայթյունի ականատես Սերլի Զարգարյանը լրագրողներին պատմեց դեպքից մանրամասներ:
Նրա ընկերներից ևս մեկը թեթև վիրավորում էր ստացել, ում տեղափոխել են հիվանդանոց:
Ականատեսի խոսքով՝ իրենք 4 հոգով սնվելիս են եղել կենտրոնում, որի ժամանակ հանկարծակի պայթյուն է եղել, ինչ-որ ազդանշաներ են աշխատել, որից հետո աշխատակիցները մարդկանց փորձել են դուրս բերել:  Իր ընկերներից Էրիկ Աշուղյանը՝ 16 տարեկան, գլխից վիրավորում է ստացել. նրան  հիվանդանոցում բժշկական օգնություն են ցուցաբերել:

22:36

Դեպքի վայրում գտնվող ԱԻՆ նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պայթյունի հստակ պատճառը դեռ չեն կարող ասել, պայթյունի պատճառ հանդիսացող թթվածնի բալոնը գարեջրի մատակարումն ապահովելու համար էր: Ըստ նրա՝ հնարավոր է ճնշման տատանում լինի, կամ ճնշումը ավելին լինի: Տոնոյանն ասաց, որ այս պահին վիրահատվող երեխայի՝ Ռուբինա Մարկոսյանի վիճակն է ծանր , բայց կյանքին վտանգ այս պահին չի սպառնում: 

22:33

«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի շտապօգնության և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը լրագրողներին տեղեկացրեց, որ պայթյունի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել 8 հոգի:  Կան միջին ծանրության վիրավորներ և մեկ հոգու՝ 8 տարեկան Ռուբինա Մարկոսյանի վիճակը ծանր է, որը գտնվում է վիրահատարանում: Վիրավորների վնասվածքները հիմնականում մակերեսային են՝ փափուկ հյուսվածքների քերծվածքներ, սալջարդներ, վերքեր: Կյանքին սպառնացող վտանգ չկա:

Ինչ վերաբերում է Ռուբինայի վիճակին, Կարապետյանը նշեց, որ մինչև վիրահատության ավարտը ոչինչ չի կարող նշել:  Նա չբացառեց, որառաջիկա ժամերի ընթացքում հիվանդանոցից դուրսգրվողներ կլինեն:  Հարցին, թե ինչու են Կենտրոնից հենց այստեղ տեղափոխել վիրավորներին, նա հայտնեց, որ իրենց բժշկական կենտրոնը բազմապրոֆիլ հիվանդանոց է:

—————————- 
22:24

ԱԻՆ-ի պաշտոնական կայքը ճշգրտում է, որ միջադեպի հետևանքով կա 8 տուժած՝ Ռուդոլֆ Մարկոսյան (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյան (8 տարեկան), Զարուհի Մելիքյան (19 տարեկան), Էրիկ Աշուղյան (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինի (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի):

——————————

22:15

Tert.am-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից տեղեկացրին, որ տուժածներից մեկին՝ 8-ամյա երեխային, այս պահին վիրահատում են:

——————————

22։05

ԱԻՆ արձագանքման գնդի պետ, փոխգնդապետ Ոսկանյանը Ազատություն ռադիոկայանի ուղիղ եթերում լրագրողների հետ զրույցում նշեց, որ տուժածներից մեկը 8-ամյա երեխա է, ում վիճակը ծանր է, վիրավորներից մեկն էլ եղել է Բուրգեր Քինգի աշխատակից 19-ամյա աղջիկ է։

———————————

21։42

ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ միջադեպի հետևանքով կա 9 տուժած (այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ) ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Նրանց առողջականի մասին տեղեկություն չի հայտնվում։

—————————————

21։40

Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանից էլ Tert.am-ը տեղեկացավ, որ 20։40-ի սահմաններում տեղի ունեցած պայթյունի պատճառը եղել է շինության ներսում գարեջրի ճնշումն ապահովող բալոնը։ 7 տուժածների վիճակի մասին հստակ տեղեկություն դեռ չկա։

—————————————

21։30

Tert.am-ի հետ զրույցում ԱԻՆ-ի մամուլի քարտուղար Նանա Գնդոյանը հայտնեց, որ նախնական տվյալներով տուժել է 7 հոգի, զոհեր չկան։ Պայթյունը տեղի է ունեցել խոհանոցում պայթած գազաբալոնի հետևանքով։

—————————————-

Ապրիլի 2-ին՝ ժամը 20:44-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների և օպերատիվ խմբերը:

Tert.am-ը ճշտում է դեպքի մանրամասները: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:





Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here